Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան (Ասկերանի) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում մարտի 17-ին ժամը 17:30-ի սահմանում հակառակորդի կողմից արձակված գնդակից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1991թ. ծնված Ահարոն Արմենի Հայրապետյանը:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքից անմիջապես հետո վիրավորը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 18:59-ին մահացել է:
«Այն, որ ադրբեջանական բանակի կողմից ձեռնարկված հերթական նախահարձակ գործողությունն իրականացվել է մարտի 5-ին Սոչիի եռակողմ պայմանավորվածության շրջանակում տեղի ունեցած գերիների փոխանակումից ընդամենը մեկ ժամ հետո եւ, գրեթե նույն պաշտպանական հատվածի դիրքերից մեկում, խոսում է այն մասին, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հրադադարի պահպանման ռեժիմը, այլեւ միտումնավոր կերպով փորձում է շրջանցել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած առաքելություն: Հանգամանք, որը անտարակույս պետք է իր արժանի գնահատականը ստանա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից»,- նշված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության մեջ:


























