Լավ կլիներ եթե հայկական կողմը միակողմանի կարգով հետ քաշեր իր դիպուկահարներին շփման գծից՝ որպես բարի կամքի դրսեւորում: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսը:

Ընդ որում, նա նշել է, թե ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, իսկ դրա համար անհրաժեշտ է նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում: Չի կարելի հասնել դրան` զենքն ուղղելով մեկ մյուսի վրա: «Եկեք հետ քաշենք դիպուկահարներին շփման գծից` թեժ գիծ ստեղծելով»,- ասել է Աժուբալիսը` հավելելով, որ նախօրեին խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ` հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն նախաձեռնելու մասին:

«Բայց ես գիտեմ, որ նախօրեին կրկին միջադեպ է եղել շփման գծում: Ես իմ անհանգստությունն ու մտահոգությունն եմ հայտնում այդ կապակցությամբ, ուստի պնդում եմ, որ դիպուկահարներին պետք է հետ քաշել»,- ասել է նա` ընդգծելով, որ ԵԱՀԿ-ն կոնկրետ լծակներ չունի, բայց կազմակերպությունը կարող է ցույց տալ դրան հասնելու ուղիները:

Աժուբալիսը ողջունել է գերիների փոխանակությունը` նկատելով, որ ՄԽ համանախագահների հետ զրույցում հասկացել է, որ հակամարտության բոլոր կողմերը շահագրգռված են հետաքննության անցկացմամբ: