Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները գտնվում են այնպիսի բարձր մակարդակի վրա, որ ռուս-թուրքական հարաբերությունները չեն կարող վնասել դրանց: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ համատեղ ասուլիսում, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում խոսակցություններին, որ Մոսկվայի եւ Անկարայի աճող համագործակցությունը կվնասի հայ-ռուսական հարաբերություններին:

Նշենք, որ մարտի 16-ին Մոսկվայում կայացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը` Մոսկվայի պայմանագրի ստորագրման 90-ամյակի օրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երիտասարդական կազմակերպությունները բողոքի ակցիա են արել Երեւանում Ռուսաստանի դեսպանատան մոտ` Ռուսաստանին մեղադրելով Հայաստանի կենսական շահերը դավաճանելու մեջ: