ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսին եւ մի քանի կտրուկ հարցադրումներ ներկայացրել ԼՂ խնդրի հետ կապված նրա հայտարարությունների կապակցությամբ: «Ես ասել եմ, որ Հայաստանը գտնում է, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո, սակայն ժամանակն է, որ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարություններում լինեն ավելի հասցեական»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման ժամանակ նկատել է, թե Ադրբեջանն է, որ խախտում է հրադադարի ռեժիմն ու ամեն Աստծո օր սպառնում պատերազմով:

«Ես Աժուբալիսին հիշեցրել եմ նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի արած հայտարարությունը, թե ամեն ինչ անելու են, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ գերազանցի ՀՀ պետական ողջ բյուջեն: Ես ԵԱՀԿ գործող նախագահին ասել եմ, որ ԵԱՀԿ համանախագահների հասցեական հայտարարությունները էականորեն կնպաստեն, որ ԼՂ բանակցությունները լինեն ավելի արդյունավետ: Ի վերջո` ժամանակն է, որ ընդհանրական հայտարարություններից ԵԱՀԿ-ն անցնի ավելի կոնկրետ եւ հաստակ հայտարարությունների»,-նշեց ԲՀԿ պատգամավորը: Նա նաեւ նկատեց, որ ԼՂ հարցի հետ կապված ցանկացած խնդիր պետք է լուծվի երկկողմանի քննարկումների  արդյունքում, իսկ միակողմանի լուծումներ պահանջելը, թեկուզ բարի կամքի դրսեւորման կոնտեքստում, արդյունավետ լուծում լինել չեն կարող:

«Ես համոզված չեմ, որ եթե նույնիսկ Հայաստանը ցուցաբերի այդ բարի կամքը, դա Ադրբեջանի ռազմատենչ քաղաքական  էլիտայի վրա որեւէ ազդեցություն կունենա եւ նրանք դրանից որեւէ հետեւություն կանեն»,-նկատեց Զոհրաբյանը: Պատգամավորի հարցադրումներին ի պատասխան` Աժուբալիսը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսնակներ չեն, որ կողմերի արած ամեն մի հայտարարության արձագանքեն: Բայցեւայնպես նա նաեւ ընդգծել է, որ ինքը, որպես ԵԱՀԿ նախագահ, շատ ուշադիր է լինելու Ադրբեջանի կտրուկ հայտարարությունների հանդեպ:   

Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսը մարտի 18-ին Հայաստանում հայտարարել է, թե Հայաստանը, որպես բարի կամքի դրսեւորման ժեստ, պետք է հայ-ադրբեջանական շփման գծից հետ կանչի դիպուկահարներին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: