Դրոշմապիտակների մասին օրենքի նախագիծը հետ կկանչենք Ազգային ժողովից եւ մեր ԵՄ գործընկերների հետ սկսենք շտրիխ կոդերով լուծել բոլոր ապրանքատեսակների հաշվառման միասնական համակարգ ներդնելու խնդիրը: Այդ մասին այսօր՝ մարտի 18-ին հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Եվրոպայում այսօր բոլոր ապրանքատեսակները հաշվառվում են այդ միասնական համակարգով: «Այդ առումով մենք տեխնիկական օժանդակություն կստանանք մեր եվրոպական գործընկերներից եւս: Կարծում եմ, որ տեխնիկական այդ օժանդակությունը կարող է էապես բարելավել մեր օրենսդրական կարողությունները, օրենքների մշակման կարողությունները»,- ասաց Տ. Սարգսյանը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսկան կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքի նախագիծը։ Դրանով նախատեսվում է Հայաստանում արտադրված կամ ներմուծված սկավառակների վրա պարտադիր դրոշմապիտակի առկայություն։ Սակայն մասնագետների կարծիքով՝ դրոշմապիտակների միջոցով սկավառակների պարտադիր դրոշմավորումը խոչընդոտում է հեղինակային եւ հարակից իրավունքների իրագործմանը, որովհետեւ պարունակում է այդ իրավունքների սահմանափակում։