Թեեւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական թատրոնի մուտքի մոտ փակցված են տարբեր պիեսների պաստառներ, սակայն թատրոնի դռները փակ են:

155 տարեկան թատրոնի շենքը  հին է ու վթարային վիճակում: Շենքը կառուցվել է 1936 թվականին, որից հետո այն վերանորոգվել է միայն մեկ անգամ, այն էլ Խորհրդային Միության ժամանակ, իսկ հիմա այն վթարային վիճակում է, իսկ բեմն օգտագործելն՝ արգելված:

«Շենքի վիճակը ավելի վատ է, քան մենք պատկերացնում էինք: Դիմեցինք սեյսմիկ կենտրոնին, որպեսզի նրանք ստուգեն իրավիճակը եւ մեզ աշխատելու թույլտվություն տան: Նրանք էլ արգելեցին օգտագործել բեմը, քանի որ շատ վտանգավոր էր»,-նշել է թատրոնի տնօրեն Ֆելիքս Խաչատրյանը, հավելելով, որ շուրջ մեկ տարի է, ինչ թատրոնի անձնակազմն անորոշ վիճակում է:

«Ամռանը, երբ այստեղ էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, տեսնելով հայկական թատրոնի վիճակը, հարցրել է Սահակաշվիլիին, թե ինչո՞ւ է հայկական թատրոնը նման վիճակում: Վրաստանի նախագահը թատրոնի վիճակի մասին ոչինչ չգիտեր, նա զանգահարել է մշակույթի նախարարություն եւ պահանջել, որ վերանորոգեն թատրոնը, իսկ նախարարությունն էլ իր հերթին զանգահարել է մեզ: Չնայած, մենք մի անգամ չէ, որ դիմել ենք Հայաստանի եւ Վրաստանի նախարարություններին, խնդրելով ֆինանսական աջակցություն»,- հայտնում  է թատրոնի տնօրենը, ընդգծելով, որ վերանորոգման ծրագիրն արդեն ներկայացված է նախագահի աշխատակազմ:

Վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը գրում է, որ չնայած վթարային վիճակին թատրոնի խումբն ամեն օր աշխատում է: Թատրոնում աշխատում է 100 մարդ, ստեղծագործական աշխատանքը շարունակվում է այնտեղ, որտեղ դեռ հնարավոր է աշխատել: Թատրոնը նաեւ շրջագայում է, հիմնականում մարզեր է գնում:

«Երբ ստեղծագործական աշխատանքի մեջ ենք լինում, անհարմարությունները չենք էլ նկատում, իսկ մեր խնդիրները հաշվելու համար երկար ժամանակ է պահանջվում»,-ասում է թատրոնի դերասան Դավիթ Բարսեղյանը:

Թատրոնը ունի եւս մեկ խնդիր, դա հանդիսատեսի պասիվությունն է, չնայած, տնօրենի խոսքով, դա հատուկ է խորհրդային շրջանի բոլոր պետություններին: Թատրոնները ձգտում են ներկայացնել ավելի կոմեդիայի ժանրում պիեսներ, քանի որ դա հանդիսատեսին ավելի հարազատ է: