Ժողովրդական կուսակցությունը մինչեւ ապրիլի 10-ին Երեւանում կայանալիք հանրահավաքը, զանգվածային ակցիա է անցկացնելու Գյումրիում, նաեւ համագումար ազատամարտիկների հետ, որոնք ցանկանում են միավորվել ԺԿ-ի հետ: Այդ մասին այսօր՝ մարտի 23-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ մտադիր է ակտիվացնել նաեւ կուսակցության կանանց թեւը:
Կարապետյանը հստակեցրել է իր մտադրությունը` ընդգծելով. «Ակտիվություն կցուցաբերեն մեր կուսակցության կանայք, այլ ոչ թե ԲՏՌ-ները: Կան կանայք, որոնք որպես սադրիչներ գալիս են մեր հանրահավաքներին, թերթեր բաժանում, պառակտում մտցնում ցուցարարներ միջեւ, հենց դրանց մասին եմ ես ասում ԲՏՌ-ներ կամ «Լեւոն Տեր-Պետրոսյանի վկաներ»:
Կարապետյանը հայտարարել է, թե Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը զավթված են եւ կոչ է արել միավորել այն ուժերին, որոնք մտահոգված են հայրենիքի մասին: Նա նաեւ նկատել է, որ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքը ցույց տվեց, թե դրսի ուժերի ազդեցության տակ փոխվել է Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, եւ նա չի բացառել բանակցությունները իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ:
Կարապետյանը նաեւ անդրադարձել է Ազատության հրապարակը նվաճելու հայտարարություններին եւ նշել, որ նվաճումները պետք է պահել, իսկ շատերը մարտի 17-ի հանրահավաքին եկել էին գիշերը մնալու հույսով, որի մասին է վկայում շատ կանանց մոտ վերմակների առկայությունը:





























