Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերի հունվար-փետրվար ամիսների հաշվետվությունները գնահատվել են բավարար:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մարտի 23-ին հրավիրած խորհրդակցության մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետեր:
Քաղաքապետի որոշման համաձայն, վարչական շրջանների ղեկավարներն այսուհետ հաշվետվություններով հանդես են գալու յուրաքանչյուր ամիս:
Կատարած աշխատանքները 0-ից 10 բալանոց համակարգով գնահատելու իրավունքը վերապահվել էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին: Ըստ այդմ, վարչական շրջանների աշխատակազմերի առաջին հաշվետվությունները գնահատվել են բավարար, իսկ առկա թերացումների եւ բացթողումների մասով` քաղաքապետի կողմից տրվել են դրանք շտկելու եւ վերացնելու հստակ հանձնարարականներ:
Քաղաքապետ Կարեն Կարապետյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ նման մոտեցման հիմքում դրվել է վարչական շրջանների միջեւ առողջ մրցակցություն ունենալու գաղափարը, ինչն իր հերթին կնպաստի լավագույն փորձի փոխանակմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Քաղաքապետը հորդորել է առավել բաց եւ թափանցիկ աշխատել եւ հնարավորին արագ եւ սպառիչ լուծումներ տալ համայնքի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին:




























