Քաղաքացի Ա.Մնացականյանից ահազանգ է ստացվել, որ մարտի 23-ին ժամը 14:00-ի սահմաններում իր ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Ջերմուկ ավտոճանապարհի 52-րդ կմ-ում հայտնվել է ձնակույտի մեջ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Տեղում պարզվել է, որ ձնակույտի մեջ են հայտնվել «Մերսեդես» մակնիշի 11 ՏՍ 855 համարանիշով, «ԶԻԼ-130» մակնիշի 56 ՏՍ 057 համարանիշով, «ԿամԱԶ» մակնիշի 031 ՏՏ 05 համարանիշով եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 673 ԼՕ 43 համարանիշով ավտոմեքենաները (4 վարորդ): Փրկարարների ուժերով ավտոմեքենանները դուրս են բերվել ճանապարհի երթեւեկելի հատված: