Ապրիլի 24-ը պետք է առիթ լինի  հայ-թուրքական արձանագրություններից հայկական ստորգարությունը հետ վերցնելու համար: Այս մասին մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ մինչ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները` ոչ մի տեղաշարժ չի արձանագրվի հայ-թուրքական գործընթացում:

«Մեր ազգային պետական շահերի համար պետք է ճիշտ շարժվենք` չթողնելով Թուրքիային շահարկել արձանագրությունները ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում»,-նկատեց Մանոյանը:

Նա նաեւ անդրադարձավ ադրբեջանական կողմի այն սպառնալիքներին, թե Ադրբեջանը կհարվածի Ղարաբաղից թռչող օդանավերին, եթե գործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը: Մանոյանն այդ սպառնալիքը գնահատեց որպես «հիմարություն»: «Դա կլինի պատերազմի սկիզբը: Դա զինադադարի պատահական խախտում չէ եւ կլինի պատերազմի սկիզբ»,-հայտարարեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատուն:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից նման հայտարարությունները վտանգավոր են այնքանով, որ իրենց հասարակության մոտ որոշակի ակնկալիքներ են առաջանում` քաղաքացիներին  դարձնելով  այդ ակնկալիքի «զոհը»: Բանախոսն ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները եւ միջազգային հանրությունը պետք է դատապարտեն Ադրբեջանի այդ հայտարարությունը, մինչդեռ, դատապարտող հայտարարությամբ հադես է եկել միայն ԱՄՆ-ն, այն էլ` որոշակի ուշացումով: