Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 2–ին գաղտնի քվեարկությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրել քրեական գործեր քննող դատավոր Արթուր Պետիկի Մկրտչյանին։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր  Բեքմեզյանը։

Քվեարկությանը մասնակցել են ԲԴԽ անդամներից 6–ը։ Մկրտչյանը դատարանի նախագահ է ընտրվել խորհրդի 6 կողմ ձայնով՝ միաձայն։ Արթուր Մկրտչյանը հանրությանը հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով։ 2019 թվականի հունվարի 18–ին Արթուր Մկրտչյանը բավարարել էր ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին։

Մկրտչյանը հայտնի է նաև Հաց բերող Արթուր Սարգսյանի կալանքի գործով։ 2017թ. փետրվարի 9-ին հենց այս դատավորն է Սարգսյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրել։ Արթուր Մկրտչյանը եղել է նաև Արգիշտի Կիվիրյանի գործով դատավորը։ 
2013թ-ի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի օրը Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել ոստիկանություն և, ոստիկանական մեքենայի մեջ, բռնության ենթարկվել ոստիկանի կողմից։
Բռնության ենթարկվելուց հետո, սակայն, Կիվիրյանին առաջադրվեց մեղադրանք՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, իսկ դատավոր Արթուր Մկրտչյանի կայացված դատավճռով նա ճանաչվեց մեղավոր ու միայն Վերաքննիչ քրեական դատարանն այդ գործով կայացրեց արդարացման դատական ակտ։ Ի դեպ վերջերս Ա.Կիվիրյանը հենց այս գործով հաղթեց ՄԻԵԴ-ում ու ստանալու է 9000 եվրո փոխհատուցում։

Նշենք, որ մեկ ամիս առաջ դադարեցվել էին Երևան քաղաքացի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները, քանի որ նա ընտրվել էր ԲԴԽ նախագահ։

ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝  առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում տվյալ առաջին ատյանի դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, ովքեր տվյալ դատարանում ունեն դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն, չունեն կարգապահական տույժ, վերջին երեք տարվա ընթացքում չեն նշանակվել տվյալ դատարանի նախագահ և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն։

Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է գաղտնի քվեարկություն, որի ընթացքում յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք։ Քվեարկության արդյունքներով Հանրապետության նախագահին է առաջարկվում խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության ձայները ստացած անձը:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը երեք տարի է: