«Թեժ աշնան» մասին կանխատեսումները անտեղի են: Իրավիճակը Հայաստանում կզարգանա բնական հունով, առանց որեւէ էքսցեսների, չնայած սպասվող հայ-թուրքական արձանագրություններին եւ մարտիմեկյան դեպքերին, որոնք դեռ շարունակում են ազդել ներքաղաքական մթնոլորտի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

«Ինչ էսկալացիայի մասին կարող է խոսք լինել, եթե այսօր իրենց ընդդիմություն համարող քաղաքական ուժերի մեծամասնությունը պաշտպանում են իշխանությունների քաղաքականությունը: Որքան էլ դա տարօրինակ է, իշխանությունների եւ արտախորհրդարանական արմատական ընդդիմության հայացքները ամբողջությամբ նույնն են՝ կապված վերջին արտաքին քաղաքական զարգացումների հետ: Արտախորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, կարծում է, որ այսօր իշխանությունները իրականացնում են այն, ինչն իրենց չհաջողվեց իրականացնել երեկ»,- ասել է Ալավերդյանը, միաժամանակ քիչ հանավական համարելով, որ այդ գործընթացները կարող են հանգեցնել հասարակության մեջ պառակտման:

«Հասարակական պառակտում հնարավոր չէ հենց միայն այն պատճառով, որ այսօր Հայաստանում գործում է հետեւյալ բանաձեւը. Դոմինանտ իշխանություն + փոքրաթիվ զինակիցներ եւ փոքրաթիվ ընդդիմություն + փոքրաթիվ զինակիցներ: Ստեղծված իրավիճակում տուժում է միայն ժողովուրդը, որը ներգրավված է անօգուտ դեբատների մեջ»,- հայտարարել է «Ժառանգության» պատգամավորը:

Նշենք, որ ըստ պաշտոնական Անկարայի, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը նախատեսվում է հոկտեմբերի 10-ին` Ցյուրիխում: Հայկական կողմը այս կապակցությամբ դեռ հանդես չի եկել պաշտոնական մեկնաբանություններով: