Շիրակի մարզի Ախուրյանի շաքարի գործարանի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը կրկին որոշել է վերանայել գյուղացիների հետ գործարքի պայմանները եւ նրանցից ճակնդեղ մթերել մեկ կգ-ը ոչ թե 35, այլ 40 դրամով: Մարտի 25-ին այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղական Սամվել Ավետիսյանը`Շիրակի մարզի Ախուրյան համայնքում`մարզի խոշոր ֆերմերների հետ հանդիպման ժամանակ:

Այդ հանդիպմանը ներկա են գտնվել  նաեւ Շիրակի մարզի Արթիկի եւ Ախուրյանի շրջանի գյուղապետերը, նաեւ շաքարի գործարանից գործադիր տնօրեն էդուարդ Սարգսյանը:

«Կարտոֆիլ մշակելը ռիսկային է, շուկան լցված է, այլեւս գնորդ չեք ունենա: հացահատիկ մշակելն էլ «թամբալ» գյուղացու գործ է, բերեք բոլորդ միասին համաձայնեք ու ճակնդեղ մշակեք»,-ասել փոխնախարար Սամվել Ավետիսյանը` հորդորելով ֆերմերներին թողնել «գյուղացու հոգեբանությունն ու արտադրողի, բիզնեսի հոգեբանություն» ձեռք բերել:

Շիրակի մարզի ֆերմերների կարծիքով մեկ կգ-ի դիմաց 40 դրամ առաջարկվող գինն էլ չի  բավականացնի. Քանի որ Ճակնդեղ մշակելը բարդ տեխնոլոգիա է:

«Ժամանակները փոխվել են, իմ հարսն այլեւս չի կամենա ճակնդեղ մշակել, ոչ էլ ձեր հարսները: Պետք է այնպիսի պայմաններ առաջարկել, որ շահագրգռեն, որ սկսեն աշխատել»,-ասել է Գյումրիի «Սելեկցիոն կայան» ՓԲԸ տնօրեն Ռուբիկ Կարախանյանը: