«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը օրերս դիմել է գլխավոր դատախազություն` վիճարկելով սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի որոշումները` հիմնադրամի հետ կապված, գրում է «Հրապարակը»:

Թամար Պողոսյան-Հրանուշ Հակոբյան վեճը, ըստ թերթի, սկսվել է դեռ երեք ամիս առաջ: Նշենք, որ Հրանուշ Հակոբյանն ի պաշտոնե հիմնադրամի նախագահն է: Խոսքը հիմնադրամի հոգաբարձուների  խորհրդի դեկտեմբերի 28-ի որոշման մասին է, որով Հրանուշ Հակոբյանը, առանց հիմնադրամի գործադիր տնօրեն Թամար Պողոսյանի մասնակցության, հոգաբարձուների հետ որոշել է, թե ինչպես պետք է տնօրինվի հիմնադրամի այս տարվա բյուջեն, բացի այդ էլ` գումարի մի մասը տրամադրել է այլ կազմակերպությունների: Թամար Պողոսյանն ասում է,  թե թույլ չի տա նման մոտեցում պետական հիմնադրամի հանդեպ, ուստի պատրաստ է պայքարել մինչեւ վերջ: Տիկին Թամարը չի ուզում, որ սա դիտվի երկու կնոջ կռիվ, դրա համար որոշել է անցնել բոլոր ատյաններով ու դիմել բոլոր իրավասու կառույցներին: Մինչ Հրանուշ Հակոբյանի դեմ գլխավոր դատախազություն բողոք ներկայացնելը, նա դիմել է Սերժ Սարգսյանին:

Պարզվում է, շուրջ երեք ամիս է` համահայկական կապերի համար պատասխանատու երկու տիկիններն իրար հետ չեն շփվում: «Տաբու է դրված իր կողմից: Ինձ համար սկզբունքային է եղել դա իրավական դաշտում լուծելը: Ցույց տալ, թե երկրում քաղաքացին ի զորո՞ւ է իր խնդիրներն իրավական դաշտում լուծել, թե՞ ամեն անգամ մենք պիտի քաղաքական շոուներով հարց լուծենք այս երկրում»»: