Ամերիկյան Օկլահոմա նահանգի դատարանը երկուշաբթի պարտավորեցրել է Johnson & Johnson ընկերությանը վճարել 572 մլն դոլար Միացյալ Նահանգներում օփիոիդ ճգնաժամի խթանմանը մասնակցելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Reuters-ին։
Նրա տվյալներով՝ Քլիվլենդի օկրուգի դատավոր Թադ Բոլքմենը որոշել է, որ Johnson & Johnson-ը պետք է պատժվի օրենքով շուկայում ցավազրկող միջոցների գովազդման համար, որոնք մոլորության մեջ են գցել պացիենտներին եւ աջակցել օփիոիդ ճգնաժամին Օկլահոմայում։ Դատարանն այդկերպ բավարարել է համապատասխան հայցը, որն ուղղվել էր այդ նահանգի գլխավոր դատախազություն՝ քննարկման համար։ Ինչպես նշում է գործակալությունը, ընկերության հանդեպ նման բողոքներ ունեն եւս մի քանի հազար հայցվորներ։
Johnson & Johnson-ը հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել որոշումը։
Իռլանդական դեղագործական Endo Pharmaceuticals ընկերությունը օգոստոսին համաձայնել էր վճարել Օհայո նահանգի երկու օկրուգներին 10 մլն դոլար մինչդատական կարգավորման շրջանակում։ Իսրայելական Teva Pharmaceuticals-ը մայիսին նման համաձայնություն էր կնքել Օկլահոմա նահանգի հետ՝ պարտավորվելով վճարել 85 մլն դոլար։ Purdue Pharma-ն նույնպես նախընտրել է հաշտության գնալ եւ վճարել է 270 մլն։
Օփիոիդ ճգնաժամը, որը մասնագետները համարում են լրջագույն խնդիր ԱՄՆ առողջապահության համար, սկսվել է 1990-ականներին, բայց թմրանյութերի դեմ պայքարի միասնական ռազմավարություն մինչեւ այժմ չի մշակվել։ Համաձայն STAT բժշկական պարբերականի գնահատականների, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն, ապա օփիոիդների չարաշահումն ԱՄՆ-ում հաջորդ 10 տարիներին կարող է հանգեցնել 500 հազար մարդու մահվան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017-ի գարնանը կարգադրել էր ստեղծել ԱՄՆ նախագահական հանձնաժողով օփիոիդ ճգնաժամի դեմ պայքարի համար եւ 2018-ի հոկտեմբերին այդ ճգնաժամին «շնորհեց» արտակարգ իրավիճակի կարգավիճակ առողջապահության ոլորտում։ Դա նախատեսում է միջոցների ընդունում թմրանյութերից կախվածներին օգնություն ցուցաբերելու եւ սեւ շուկայում թմրանյութերի տարածմանը դիմակայելու համար։





























