Տղամարդը, որը ենթադրվում է, որ կարող է 128 տարեկան լինել, հայտնաբերվել է Թաիլանդի հյուսիս-արեւելքում, Ուդոն Թհանի նահանգի գյուղերից մեկում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Կհաո Սոթ» թերթին։

Նա 128 տարեկան Փհանչոմպհուն է եւ ապրում է Մոնսոմբոն գյուղում 70-ամյա կնոջ՝ Սոնգի հետ, ունի յոթ երեխա եւ 11 թոռ, ասվում է հաղորդագրությունում։ Թերթը ներկայացնում է նրա ծննդյան վկայականի լուսանկարը, որի վրա նշված է, որ նա ծնվել է 1891 թվականի ապրիլի 9-ին։

Այսպիսով, Թաիլանդի երկարակայացը կարող է հավակնել երկրագնդի ամենատարեց տղամարդկանցից մեկը լինելու տիտղոսին, նշում է պարբերականը։

Տղամարդը քայլում է ինքնուրույն, բարձրանում աստիճաններով երկրորդ հարկ։ Նրա բանականությունն առողջ է եւ լավ հիշողություն ունի։

Փհանչոմպհուն եւ նրա կինը Փհոի Թհայի ազգային խմբին են պատկանում, որոնց ներկայացուցիչներն ապրում են հյուսիսարեւելյան Թաիլանդում եւ ներկայիս հարավային Լաոսում։

Թերթն ընդգծում է, որ Փհանչոմպհուն ծնվել է Չուլալոնգկոռն Ռամա Հինգերորդի տիրապետության կեսերին եւ հետեւել է վերջին հարյուրամյակի Թաիլանդի պատմության զարգացմանը։