2019–ի տարեվերջին և հաջորդ տարվա ընթացքում Հայաստանի վարկային բեռը զգալիորեն ավելանալու է, ինչի արդյունքում կրկնին կվերանայվի Հայաստանի սուվերեն վարկանիշը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ համաձյան որի Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:
Տնտեսագետի խոսքով՝ ողջունելի է այս երևույթը, քանի որ դրա արդյունքում այս պահի դրությամբ բարձր է գնահատվում մեր երկրի վարկունակությունը: Այնումենայնիվ, ըստ ըստ նրա՝ «Ba3» վարկանիշը բացառիկ չէ մեր երկրի ֆինանսական պատմության մեջ։
Սուրեն Պարսյանը հիշեցրեց, որ 2006 թվականին ունեցել ենք «Ba2», իսկ 2015 թվականին՝ նույն «Ba3» վարկանիշ:
Ըստ նրա՝ տարվա կեսի դրությամբ նման գնահատական հնչեցնելը այդքան էլ ճիշտ չէ, քանի որ տարեվերջին Հայաստանը դարձյալ ունենալու է նախորդ տարվա համեմատ ավելի շատ վարկային բեռ։
«Երկրի վարկունակությունը շատ արագ է փոփոխվում, վստահաբար կարելի է կանխատեսել, որ այս տարեվերջին և մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է, ինչի արդյունքում կրկնին կվերանայվի մեր Մուդիզի վարկանիշը»,–ասաց նա։
Անդրադառալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ միջազգային կազմակերպության գնահատմամբ՝ մեծանում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ, և էականորեն բարելավվում Հայաստանի ներդրումային գրավչությունը, տնտեսագետն ասաց, որ ներդրումային գրավչության վրա բազմաթիվ գործոններ են ազդում․ «Մասնավորապես շատ կարևոր է մարդկանց գնողունակության աճը, քանի որ ցանկացած ներդրողի համար շատ կարևոր է իր ապրանքը, որն արտադրելու է, կարողանալու է վաճառել այդ երկրում, իսկ գնողունակությունը այս տարվա ընթացքում զգալիորեն նվազել է»։
Նրա խոսքով՝ ներդրումների հոսքի վրա մեծ ազդեցություն ունի նաև քաղաքական գործոնը։ «Մի քանի ամիս առաջ «Քեմբրիջ Անալիթիքս»-ը նշել էր Հայաստանը բարձր քաղաքական ռիսկ ունեցող երկրների շարքում է, և դրա հետևանքով բացասական ազդանշան էր գրանցել օտարերկրյա ներդրողների համար։ Որ Հայաստանում, օրինակ, ներդրողները ապահովված չեն քաղաքական ռիսկերից։ Այս իշխանությունները ևս քաղաքական գործընթացները բազմիցս կապել են տնտեսական գործընթացների հետ։ Օրինակ՝ եթե խորհրդարանը չփոխվի, ներդրողները չեն գա, եթե տվյալ մարդը չպատժվի, ներդրողները չեն գա, չեն լինի և այլն, և այլն»,–հայտարարեց Սուրեն Պարսյանը։





























