Գիտնականները Եթովպիայի հյուսիս-արեւելքում հայտնաբերել են 3,8 մլն տարի առաջ ապրած մարդու գրեթե ամբողջական գանգ։ Նա ունեցել է կապկանման եւ մարդկային հատկությունների կենսաբանական խառնուրդ։ Այս մասին տեղեկացրել է BBC կորպորացիան՝ հղում կատարելով Nature գիտահանրամատչելի ամսագրի հրապարակմանը։
Գտածոյի ուսումնասիրությունը կասկածի տակ է դնում գիտության մեջ արմատացած պատկերացումները, թե ինչպես են առաջին մարդիկ առաջացել կապկանման նախնիներից։
Ժամանակակից գիտությունը կարծում է, որ Լյուսի անունով կապիկը, որի մասնակի կմախքը գտել են 1974-ին Եթովպիայում, այն տեսակներից մեկն է եղել, որից առաջացել են առաջին մարդիկ։ Սակայն ներկա գտածոն ստիպում է նորովի նայել մարդու էվոլյուցիային, կարծում են մի շարք մասնագետներ՝ ընդգծելով, որ մարդու առաջացման գործընթացը կարող էր ավելի բարդ ու խճճված լինել։
Գանգը հայտնաբերել է պրոֆեսոր Յոհաննես Հայլե-Սեսասիեն Միրո Դորա տեղանքում (Աֆարի շրջան), նա աշխատում է բնական պատմության ամերիկյան Քլիվլենդյան թանգարանում։ Նրա խոսքով՝ գանգը ամենաամբողջականն է նման գտածոների մեջ եւ 3 մլն տարեկանից մեծ է, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։





























