Ստրասբուրգի Սուրբ Էթյենի քոլեջն իր դասարաններն անվանել է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի կողմից հորինված Հարի Փոթերի մասին սագայից հայտնի Հոգվարթսի դպրոցի ֆակուլտետների անուններով: Այս մասին ասվում է քոլեջի ֆեյսբուքյան էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կրթական բարեփոխումների եւ դասարանների՝ տնտեսական-սոցիալական եւ գիտական բաժինների վերացման հետ կապված դասարաններին անուններ էին անհրաժեշտ: Ուսանողներն առաջարկեցին Հարի Փոթերի թեման, եւ մենք դա արեցինք: Բարի գալուստ Հոգվարթս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այժմ ուսումնական հաստատությունում կան նման ֆակուլտետներ՝ Գրիֆֆինդոր, Սլիզերին, Պուֆենդույ, Կոգտերվան, ինչպես նաեւ դասարաններ, որոնք անվանվել են Հոգվարթսի հետ մրցակցող Դուրմստրանգ, Շարմբատոն մոգության դպրոցների եւ ամերիկյան Իլվերմորնի մոգական դպրոցի անուններով:

Ընդ որում, նշվում է, որ ուսանողները կշարունակեն ուսանել գրականություն, աշխարհագրություն, պատմություն, մաթեմատիկա եւ այլ իրական առարկաներ:

Հարի Փոթերի մասին գրքերն ու ֆիլմերը Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեն: Այսպես, անցած շաբաթ Փարիզի փողոցներում հայտնվեց «Հարի Փոթերը եւ Ազքաբանի կալանավորը» ֆիլմից «Գիշերային ասպետ» ավտոբուսը: Հաղորդվում է, որ անսովոր տրանսպորտային միջոցն ուղեւորություններ է իրականացնում Փարիզի տեսարժան վայրերում: