Շոտլանդիայի պաշտոնատար անձինք ուզում են գտնել այն կնոջ աճյունը, որը մեղադրվել է կախարդության մեջ եւ 315 տարի առաջ մահացել բանտում, հայտնում է FoxNews-ը։
Երկրի արեւելքում գտնվող Տորիբերն գյուղից Լիլիաս Ադին բանտում մահացել է 1704 թվականին։ Ադին, ով, ինչպես ենթադրվում է, մահվան պահին եղել է 60 տարեկան, «խոստովանել է», որ ինքը վհուկ է եւ սատանայի հետ սեքսով է զբաղվում։
Օգոստոսի 31-ին, երբ նշվում էր նրա մահվան 315-րդ տարեդարձը, տեղական կառավարության ներկայացուցիչները ծաղկեպսակ են դրել նրա հուղարկավորման տեղում եւ սկսել են կախարդի աճյունի որոնման արշավը։
Ադին թաղվել է Տորիբերնի ծովափին, մեծ քարի տակ, ինչը վկայում է այն մասին, որ տեղի բնակիչները վախեցել են, թե նա կվերադառնա, որպեսզի հետապնդի իրենց։ Ադիի ոսկորները 19-րդ դարում արատաշիրիմվել են ուսումնասիրության համար, իսկ գանգը տարել են Սենթ Էնդրյուսի համալսարան, որտեղ այն նկարել են ավելի քան 100 տարի առաջ։։
Պաշտոնյաներից մեկը նշել է, որ գանգը 1938թ․ ցուցադրվել է Գլազգոյի համալսարանում, սակայն այժմ աճյունը գտնել չի հաջողվում։
«Կարեւոր է խոստովանել, որ Լիլիաս Ադին եւ հազարավոր այլ կանայք ու տղամարդիկ, որոնք Շոտլանդիայում մեղադրվել են կախարդության մեջ, եղել են տգիտության ժամանակների անմեղ զոհեր»,- ասել է Ջուլի Ֆորդը՝ հավելելով․ «Եկել է նրանց հանդեպ անարդարությունն ընդունելու ժամանակը»։




























