Սեպտեմբերի 2-ին, Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանից ընտրված «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2019-2020թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում: Դեսպանը նաև հավաստագրեր է հանձնել այդ ութ հաջողակ կրթաթոշակառուներին:

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի և համագործակցություն նախարարության և գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն  առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար։

35 տարվա ընթացքում «Չիվնինգի» շնորհիվ ամբողջ աշխարհում շուրջ 50000 մասնագետներ են հնարավորություն ստացել ուսումնառելու Միացյալ Թագավորությունում։ 

Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 160 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։

2019-2020թթ․ «Չիվնինգ» կրթաթոշակառուներն են ութ ուսանողներ՝ Արմեն Ավետիսյան, Քրիստինա Սոլոյան, Գոհար Շախպարյան, Մարիաննա Վարդանյան, Ներսես Տեր-Վարդանյան, Նարինե Իշխանյան, Սոնա Քոչարյան, Զինա Ղուկասյան:

2020/2021թթ․ուստարվա համար հայտերը կընդունվեն մինչև նոյեմբերի 5-ը՝ www.chevening.org/apply կայքի միջոցով։