Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր` մարտի 29-ին իր հավատարմագրերն է հանձնել Գանայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեթ Կորանտեգին (նստավայրը` Մոսկվա):
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում հայ-գանայական հարաբերությունները կզարգանան: Նշելով, որ ՄԱԿ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ առկա է քաղաքական երկխոսություն, Հանրապետության ղեկավարը կարեւորել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով համագործակցությունը:
Գանայի դեսպանը հեռանկարային է համարել Հայաստանի հետ ադամանդագործության, գյուղատնտեսության, արդյունաբերության եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը: Նա նշել է, թե այս տարվա ապրիլին իր երկիրը Մոսկվայում նախաձեռնել է անցկացնել գործարար համաժողով, եւ ուրախ կլիներ, եթե Հայաստանի ներկայացուցիչները եւս մասնակցեին: Դեսպանի համոզմամբ, դա գործարարների համար լրացուցիչ հնարավորություն է` տեղեկանալու միմյանց շուկաների հնարավորություններին եւ համագործակցության եզրեր գտնելու:




























