Գետաշեն համայնքում  հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան: Այս մասին հաղորդագրություն է տարածել էկոնոմիկայի նախարարությունը:

Հաղրոդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Հաշվի առնելով վերջին շրջանում hանրապետությունում կենդանիների սիբիրախտ հիվանդության արձանագրման դեպքերը, խնդրին տեղում ծանոթանալու եւ առկա իրավիճակը վերլուծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը եւ նախարարության Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այց են կատարել ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնք, որտեղ կայացել է հանդիպում ՀՀ ԿԵ սննդամթեքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչի, «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի տնօրենի, համաճարակաբանի, համայնքը սպասարկող անասնաբույժի եւ համայնքի ղեկավարի մասնակցությամբ:

Համաձայն  գործող իրավական  ընթացակարգերի՝ արձանագրված դեպքի առնչությամբ համայնքը սպասարկող անասնաբույժի, համաճարակաբանի եւ մարզային տեսուչի արագ արձագանքի արդյունքում եւ համայնքի ղեկավարի աջակցությամբ անհապաղ միջոցներ են  ձեռնարկվել հիվանդությունն ախտորոշելու եւ համաճարակային օջախը վնասազերծելու, սիբիրախտի հարուցիչով ախտահարված մթերքների ոչնչացումը պատշաճ իրականացնելու, ինչպես նաեւ շենքերը, սարքավորումները եւ վարակված տարածքներն ախտահանելու ուղղությամբ:

Միաժամանակ, արձանագրված դեպքի հանգամանքների պարզաբանման նպատակով՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաեւ քաղաքացիների հետ կայացած հանդիպումներից պարզվել է, որ «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի կողմից համակարգվող՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կանխարգելիչ եւ ախտորոշիչ միջոցառումներն իրականացվել են պատշաճ եւ համաձայն պլան-ժամանակացույցի, որին իր աջակցությունն է ցուցաբերել համայնքի ղեկավարը:

Ներկայումս համայնքում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան եւ համայնքը գտնվում է մարզային անասնաբուժական ծառայության, ինչպես նաեւ  «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի աշխատակազմի խիստ  հսկողության ներքո:

Հանրապետությունում համապետական մորթի անցման դեպքում առկա խնդիրների բացահայտման եւ սպանդանոցների կարողությունների գնահատման նպատակով աշխատանքային  այց է իրականացվել նաեւ ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող  «Արսեն Հակոբյան» Ա/Ձ-ի սպանդանոց: Համատեղ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվել են առաջարկություններ:

Կարեւորելով կայուն անասնահամաճարակային իրավիճակի պահպանումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պահպանել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթները եւ հիվանդ, հիվանդության մեջ կասկածվող կամ կլինիկական նշաններ ունեցող կենդանիներ հայտանբերելուց անհապաղ ծանուցել համայնքը սպասարկող անասնաբույժին կամ մարզային անասնաբուժական ծառայությանը: