Գիտնականները պարզել են, որ ռոմանտիկ հարաբերությունների բացակայությունը ոչ մի կերպ չի վնասում հասակակիցների հետ շփվելու դպրոցականի կարողությանը։ Նույնիսկ հակառակը՝ նա, ամենայն հավանականությամբ, առաջնորդ կդառնա, հաղորդում է Life-ը։
Եթե բարձր դասարանցին ժամադրության չի գնում, դա դեռ չի նշանակում, թե նա ինչ-որ խնդիրներ ունի սոցիալական փոխհարաբերություններում, հայտարարում են ամերիկյան գիտնականները։ Ինչպես գրում է Journal of School Health-ը, իրենց հետազոտությունները ի հայտ չեն բերել ռոմանտիկ զուգընկեր չունեցող դպրոցականներին անհաջողակ համարելու որեւէ պատճառ։
Գիտնականները 10-րդ դասարանի 600 աշակերտների շրջանում հարցում են անցկացրել։ Նրանց մեջ եղել են եւ այնպիսիք, որոնք ինչ-որ մեկի հետ հանդիպում են, եւ այնպիսիք, որոնք չունեն զուգընկեր կամ զուգընկերուհի։ Անձնական կյանքի ակտիվության տեսանկյունից նրանց բաժանել են 4 խմբի։
Նրանք բոլորը պատմել են իրենց ընկերների ու ծնողների հետ փոխհարաբերությունների մասին, պատասխանել են ընկճախտի ու ինքնասպանության մտքերի մասին հարցերին։ Հետո այդ բարձր դասարանցիների մասին հարցրել են նրանց ուսուցիչներին։ Մանկավարժներն իրենց կարծիքն են հայտնել նրանց առաջնորդ լինելու հատկությունների եւ համադասարանցիների հետ շփման վերաբերյալ։
Պարզվել է, որ այն դեռահասները, որոնք որեւէ հարաբերություն չունեն,եւ նրանք, որոնք հազվադեպ են ժամադրություններ ունենում, առաջնորդ դառնալու շատ ավել մեծ շանս ունեն, քան իրենց սիրառատ հասակակիցները։ Հարցումը նաեւ ցույց է տվել, որ հանդիպողները հաճախ լինում են ընկճված վիճակում։ Ինքնասպանության մասին մտքերը բոլոր չորս խմբի ներկայացուցիչների մոտ առաջանում են հավասարաչափ։




























