Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` մարտի 30-ին սկսվել է արվեստագետ Դավիթ Կարեյանի մահվան գործով առաջին դատական նիստը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը Լեւոն Ավետիսյանն է, իսկ ամբաստանյալը` «Արցախ» բանկի աշխատակից, քրեական հեղինակություն համարվող Նորագյուղի Ավետի ազգական Կարեն Խաչատրյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարեն Խաչատրյանն այս տարվա հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում, վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենան, դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել մի տղամարդու, ապա հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային: Տաքսին էլ իր հերթին բախվել էր Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:
Արդյունքում վրաերթի ենթարկվածը, տաքսու վարորդն ու ուղեւորները (թվով 9 մարդ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վրաերթի ենթարկված 37-ամյա արվեստագետ Դավիթ Կարապետյանը (Կարեյան) «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները հազիվ էին կարողացել բորբոքված բազմության ձեռքից ազատել BMW X5-ի երիտասարդ վարորդին: Նրան տեղափոխել էին բուժկենտրոն` պարզելու սթափության աստիճանը:
Պարզվել էր, որ նա մեքենան վարել է անսթափ վիճակում:Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):





Լուսանկարները` Գագիկ Շամշյանի





























