Հայաստանում 46,6 տոկոսը կարծում է, թե կանանց նկատմամբ կանխակալ վերաբերմունք կա, իսկ 41,1 տոկոսի կարծիքով` նման վերաբերմունք չկա: Այդ մասին «Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները» սոցիոլոգիական հետազոտության շնորհանդեսին հայտնել է «Կովկաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը:

Հարցումն իրականացվել է 2010թ. վերջին Երեւանում, Շիրակի, Սյունիքի, Արմավիրի եւ Գեղարքունիքի մարզերում, 1200 անձանց շրջանում, ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA) հայկական ներկայացուցչության աջակցությամբ:

Հարցվածների 6 տոկոսը կարծում է, որ Հայաստանում կանանց նկատմամբ գենդերային բռնություն է իրականացվում: Հայ տղամարդկանց մեծ մասը, ովքեր նորմալ են համարում, որ կինը կարող է ղեկավար պաշտոններ զբաղեցնել, ընդհուպ մինչեւ նախագահի պաշտոնը, անմիաջպես փոխում են իրենց կարծիքը, եթե հարցը վերաբերում է սեփական կանանց, քույրերին եւ դստրերին:

Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համակարգող Դաֆինա Գերչեւան նկատել է, թե Հայաստանում ղեկավար պաշտոններում քիչ է կանանց ներգրավվածությունը եւ այդ հարցը պետք է լուծել օրենսդրական կարգով: