Սաուդական Saudi Aramco նավթային ընկերությունը հարեւան երկրներից նավթ է գնում, որպեսզի արտասահմանյան հաճախորդների առջեւ կատարի արտահանման իր պարտավորությունները։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով անհայտ աղբյուրներին։
Նրանց տվյալներով, թագավորությունը նավթ է գնում ԱՄԷ-ից, Քուվեյթից եւ ուղարկում է Բահրեյնի, Մալայզիայի ու Հարավային Կորեայի իր հաճախորդներին։
Reuters-ը պաշտոնական մեկնաբանության համար դիմել է սաուդյան ընկերության ներկայացուցիչներին, սակայն դեռեւս պատասխան չի ստացել։
Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը Սաուդյան Արաբիայի արեւելյան Saudi Aramco ընկերությունները գրոհի են ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Դրա պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար-խուսիտները։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի ամենախոշոր նավթավերամշակող համալիրը՝ Աբկաիկ քաղաքի մոտ, որտեղ ապրում են շատ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ Խուրայսի շրջանում նավթավերամշակման գործարանը, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքավայրը։ Գրոհներից հետո, այդ վայրերում ուժեղ հրդեհներ են բռնկվել։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ կրակը մեկուսացվել է։
ԱՄՆ-ը եւ Սաուդյան Արաբիան հարձակումների համար մեղադրում է Իրանին՝ նշելով, որ խուսիտների զինանոցում այդպիսի զենք չկա։ Թեհրանը համարում է, որ այդ հայտարարություններն անհիմն են։




























