Նյու Յորքում սեպտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն, ողջունելով Հայաստանի արտոգործնախարարին` ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանի գործընկերն է թե ժողովրդավարական բարեփոխումների, թե տնտեսական զարգացման բնագավառներում: Տիկին Քլինթոնի բնորոշմամբ` հայ-ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն եւ խոր բնույթ ունեն: Պետքարտուղար Քլինթոնը ամերիկյան վարչակազմի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակելու համակողմանի համագործակցությունը Հայաստանի նախագահի, կառավարության եւ արտգործնախարարի հետ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Հիլարի Քլինթոնը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ եւ վերահաստատեց ԱՄՆ-ի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:

Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հայ-ամերիկյան բարձր մակարդակի կանոնավոր շփումների կապակցությամբ, ընդգծեց, որ Հայաստանը, կարեւորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը և համագործակցության ընդլայնմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության համար:

Արցախյան հիմնախնդրի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը կարեւրոեց ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, դերակատարությունը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացում:

Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: