Կոկորդիլոսը, որից հին եգիպտացիները պատրաստել են բազմաթիվ մումիաներից մեկը, սպանվել է վայրի բնության մեջ, այլ ոչ թե աճեցվել տաճարին կից, հատուկ պայմաններում։ Նման եզրակացության են եկել Ֆրանսիայի եւ ԱՄՆ գիտնականները, որոնք հետազոտել են այդ մումիան տարրական մասնիկների արագացուցչի օգնությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Journal of Archaeological Sciences-ին։

Հին եգիպտացիները ոչ միայն մարդկանց, այլ նաեւ տարբեր կենդանիների մումիաներ էին պատրաստում, որոնց Նեղոսի հովտի բնակիչները համարում էին սուրբ՝ կատուներ, բազեներ կամ կոկորդիլոսներ։ Այդ մումիաների հետազոտությունը թույլ է տալիս պարզել, թե ինչպես է տեղի ունեցել բալզամապատման գործընթացը, ինչպես է սպանվել կենդանին եւ ինչ է այն կերել մահվանից առաջ։ Սակայն այդ գործընթացը կապված է եղել մի շարք դժվարությունների հետ, մասնավորապես՝ դրա համար հարկավոր էր կտրել մումիան, ինչը կարող էր հանգեցնել դրա ոչնչացմանը փխրունության պատճառով։

Այս դժվարությունը հաղթահարելու համար գիտնականները հետազոտում են մումիաները միկրոտոմոգրաֆիայի օգնությամբ։ Սա մեթոդ է, որը թույլ է տալիս իմանալ օրգանիզմի կամ ինչ-որ օբյեկտի ներքին կառուցվածքի մասին՝ առանց այն կտրելու։ Դրա համար գիտնականները հետազոտվող առարկան լուսավորում են հատուկ ճառագայթմամբ, իսկ հետո վերլուծում, թե ինչպես են այս կամ այն տարրերը կլանում այդ ճառագայթումը։ Դա թույլ է տալիս մասնագետներին պարզել, թե ինչից են կազմված այդ բաղադրիչները եւ ինչպես են դրանք տեղադրված։

Ֆրանսիացի եւ ամերիկացի  գիտնականները որոշել են այդկերպ հետազոտել կոկորդիլոսի մումիան Լիոնի թանգարանում։ Այն Ֆրանսիայում է հայտնվել Կոմ Օմբո տաճարից, որը գտնվում է Եգիպտոսի հարավում, նապոլեոնյան նվաճումից հետո։ Դրա տարիքը մոտ 1935 է, այսինքն՝ կենդանուն բալզամավորել են այն ժամանակ, երբ Եգիպտոսը գտնվում էր Հռոմեական կայսրության տիրապետության տակ։ Արտեֆակտն ուսումնասիրել են Գրենոբլում, Սինքրոտրոն ճառագայթման եվրոպական կենտրոնում։ 

Անալիզը ցույց է տվել, որ կենդանին երիտասարդ արու էր՝ 112 սմ երկարությամբ, որը 3-ից մինչեւ 4 տարեկան էր: Հետագա արդյունքները գիտնականներին զարմացրել են. պարզվել է, որ կոկորդիլոսը սատկել էր գլխին հարվածի հետեւանքով: «Կոկորդիլոսի մահվան առավել հավանական պատճառը գանգի վերին հատվածի կոտրվածքն էր, որն առաջացրել էր գլխուղեղի վնասվածք,- նշում են գիտնականները: - Կոտրվածքի բնույթը, ինչպես նաեւ ուղղությունը եւ ձեւը թույլ են տալիս ենթադրել, որ հարվածը հասցվել էր, ենթադրաբար, հասատ փայտե մահակով կենդանու մեջքի կողմից, հավանաբար, երբ նա պառկած է եղել գետնին»:

Այսինքն՝ ըստ գիտնականների, որսորդներն աննկատ մոտեցել են վտանգ չսպասող գիշատչին եւ գլխին հասցրել միակ ճշգրիտ հարվածը:

Այնուհետեւ մումիացման ժամանակ կենդանու գանգի փոս ընկած տեղը խնամքով քողարկել են, մարմինը մշակել են յուղերով եւ խեժերով, ապա փաթաթել գործվածքի բազմաթիվ կտորներով: Ընդ որում՝ բալզամավորման ամբողջ գործընթացը բավականին արագ է ընթացել, եւ ստամոքսի մեջ է դեռեւս մնացել սողունի վերջին ճաշկերույթի չմարսված մասը՝ կրծողներ, միջատներ, ձվեր եւ ձկներ:

Գիտնականները նույնպիսի վնասվածքներ են հայտնաբերել կոկորդիլոսների նվազագույնը 2 նման մումիաների վրա: Այսուհանդերձ, աշխատանքի արդյունքները չեն վկայում այն մասին, որ եգիպտացիները պարբերաբար կոկորդիլոսների որս են արել դրանք մումիացնելու եւ այդ կերպ իրենց աստվածներից օրհնություն ստանալու համար: Այս դեպքը կարող է լինել ընդհանուր կանոններից եզակի բացառություն, քանի որ ավելի վաղ հնագիտական գտածոները վկայում էին, որ բոլոր կոկորդիլոսները, որոնցից հետո մումիա են պատրաստել, հատուկ բուծվում էին տաճարներին կից: Սակայն կարող է եղած լինել նաեւ հակառակ իրավիճակը: Բայց դա իմանալու համար գիտնականները պետք է կատարեն հետագա ուսումնասիրություններ: