ԱԷՄԳ Վիեննայում կայացած 63-րդ գլխավոր համաժողովում ներկայացված արդյունաբերական հակասեյսմիկ պաշտպանության համակարգը (ԱՀՊՀ-3) արժանացել է ԱԷՄԳ ղեկավարության գովասանքին, հետաքրքրություն առաջացրել ԱՄՆ եւ Բանգլադեշի մասնագետների շրջանում։ Այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահրամ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ այդ համակարգի ստեղծման աշխատանքներն ավարտվել են 20 օր առաջ։
Նրա խոսքով՝ համակարգի հանդեպ հետաքրքրվածություն կա նաեւ Ուզբեկստանի եւ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից, որը նախատեսում է ներդնել այն Լատինական Ամերիկայի հետազոտական ռեակտորներում։
Վահրամ Պետրոսյանն ընդգծեց, որ հայկական պատվիրակությունը գլխավորում էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որը բացեց «Հայաստան» տաղավարը, որտեղ ներկայացված էին հայրենական ատոմային մասնագետների մշակումները, եւ հանդես եկավ զեկուցմամբ։ «Հանդիպումներ տեղի ունեցան ԱԷՄԳ ղեկավարության, այդ թվում ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քորնել Ֆերուցեի հետ, որը գոհունակությամբ նշեց հայ մասնագետների նոր մշակումների, այդ թվում՝ «Նորոգման մարզասարքի» մասին, որը նախատեսված է նորոգող եւ սպասարկող անձնակազմի պատրաստման համար»,- նշել է նա։ Պետրոսյանի խոսքով՝ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչներն այս անգամ հանդես չեն եկել հակահայ ելույթներով, ի տարբերություն ԱՄՆ-ում 2016-ի միջուկային անվտանգության գագաթաժողովի, երբ այդ երկրների ղեկավարները քննադատեցին ՀԱԷԿ-ը։ Նշենք, որ ԱԷՄԳ 63-րդ գլխավոր համաժողովը սկսվել է սեպտեմբերի 16-ին Վիեննայում։





























