ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»,- գրված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել: Մտնելով դատարանի շենք Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ ահազանգել է իրավապահներին:
Նարեկ Մութաֆյանին գիշերը ձերբակալել են, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։





























