Հայ-թուրքական արձանագրությունները տեսանելի ապագայում չեն կարող աշխատել. դրանք իրենց ներկայիս տեսքով պետք է անցնեն պատմության գիրկը։ Ապրիլի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Հայաստանը յուրաքաչյուր պահի կարող է հետ վերցնել արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը, սասկայն դա հարցի լուծման լավագույն տարբերակը չէ։ «Եթ հայկական կողմը նման քայլ անի, դա Թուրքիայի ձեռքին հզոր խաղաքարտ կդառնա»,-նկատեց թուրքագետը։

NEWS.am-ի հարցին, թե ամեն դեպքում ի՞նչ ապագա կարող է կանխորոշել հայ-թուրքական արձանագրությունների համար Թուրքիայում 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, Անուշ Հովհաննիսյանն ասաց. «Գործընթացում որեւէ ակտիվություն չի գրանցվի, եթե, իհարկե, չլինեն արտաքին ինչ-ինչ ազդակներ։ Քիչ հավանական է, որ խորհրդարանական, իսկ հետո նախագահական ընտրություններ անցած Թուրքիան այս ուղղությամբ որեւէ քայլ անի»։

Նշենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն ստորագրեցին հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները: Դրանք այնուհետ պետք է վավերացվեին երկրների խորհրդարաններում, սակայն թուրքական կողմի ապակառուցողական մոտեցման եւ եւ առաջ քաշված նախապայմանների պատճառով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց արձանագրությունների վավերացման գործընթացը: