Ներդրումային կապերը սահմանափակելու ԱՄՆ-ի հնարավոր քայլերը քայքայում են համաշխարհային տնտեսությունը։ Այս մասին հայտարարել է Պեկինը՝ այն բանից հետո, երբ հայտնվեց տեղեկատվությունն այն մասին, թե Վաշինգտոնի վարչակազմը կարող է քննարկել տարբերակներ, որոնց թվում ամերիկյան ֆոնդային բորսաներից չինական ընկերություններին հեռացնելը։

Ֆոնդային շուկաներն անկում են ապրել այն բանից հետո, երբ Bloomberg News-ը անցյալ շաբաթ հայտնել էր, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք դիտարկում են Չինաստանի հետ ներդրումային կապերի սահմանափակման հնարավորությունը։

«Չափազանց ճնշման գործադրումը հստակորեն վնաս կհասցնի ամերիկյան եւ չինական ձեռնարկությունների եւ մարդկանց շահերին, անհանգստություններ կառաջացնի ֆինանսական շուկայում եւ սպառնալիքի տակ կդնի միջազգային առեւտուրը ու աշխարհում տնտեսական աճը»,- հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը։

ԱՄՆ-ի եւ Չինաստանի բանակցողները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կհանդիպեն տարիֆային պատերազմի լուծմանն ուղղված բանակցությունների 13-րդ փուլի համար։

«Մենք հուսով ենք, որ Միացյալ Նահանգները կաշխատի Չինաստանի հետ՝ երկու երկրների տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական համագործակցության խորացման համար»,- ասել է Շուանը։