Մեծ Բրիտանիան հիասթափված է եվրոպական Airbus ինքնաթիռների, շոտլանդական վիսկիի համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ ծրագրերից, հաղորդում է Reuters-ը:
«Մենք հիասթափված ենք ԱՄՆ որոշումից: Մաքսատուրքեր սահմանելը որեւէ մեկի շահերից չի բխում: Մեծ Բրիտանիան սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ՝ աջակցելու Airbus-ի եւ Boeing-ի միջեւ վեճի կարգավորմանն ու թույլ չտալու սակագների ուժի մեջ մտնելը»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ եվրոպական արտադրության Airbus ինքնաթիռների համար 10 տոկոսանոց, իսկ ֆրանսիական գինու, շոտլանդական եւ իռլանդական վիսկիի եւ եվրոպական պանրի համար՝ 25 տոկոսանոց մաքսատուրք կսահմանի՝ որպես պատիժ օդանավեր արտադրող ընկերությունների «անօրինական» սուբսիդիաների:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը Վաշինգտոնին թույլ է տվել ամեն տարի ԵՄ-ից ապրանքների համար 7,5 մլրդ դոլարի չափով մաքսատուրքեր սահմանել: Այդ քայլը կարող է անդրատլանտյան առեւտրային պատերազմ սադրել:




























