Հիփոթեքային վարկի ժամանակ եկամտային հարկի վերադարձի դրույթը մտցնելիս առաջնային չի եղել սոցիալական բաղադրիչը, այլ այն, որ տնտեսությունը խթանվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Դա արվել է անկման փուլում եւ շինարարությունում անկման ավելի մեջ ցուցանանիշներ էին արձանագրվել: Համապատասխանաբար, այդ կարգավորումը ուներ ոլորտային խրախուսման նպատակ: Ես կարծում եմ, որ ցանկացած միջոցառում, որ կառավարությունն իրականացնում է տնտեսական ակտիվությունը բարձր պահելու համար, պետք է շարունակի պահել, քանի դեռ չեն վերացել այն մտահոգությունները, որոնք առկա են տնտեսական ակտիվության առնչությամբ: Այ եթե մի քանի տարի աճը լինի 10 եւ ավելի տոկոս, եւ համարենք, որ եթե շինարարության ոլորտում մի քիչ նվազի առաջնային կառուցապատման նկատմամբ պահանջարկը, դա շատ բան չի փոխի, կարող ենք քննարկել նաեւ այդ գործիքի սահմանափակումների հարցը»,-ասաց նախարարը:
Նշենք, որ ավելի վաղ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը հայտարարել էր, որ պետք է վերանայել այդ գործիքը, սահմանափակումներ մտցնել, այն դարձնել իսկապես սոցիալական ուղղվածություն ունեցող գործիք: Այսինքն նա առաջարկում էր եկամտահարկի վերադարձի գործիքը կիրառել, եթե գնվող բնակարանի արժեքը ճի անցնում, ասենք 25 մլն դրամը: Այսօր այդ ցուցանիշը 55 մլն դրամ է:



























