Հայաստանի ոստիկանությունը ապրիլի 3-ին Նոր Նորքի 6-րդ զանգվածում տեղի ունեցած զանգվածային խուլիգանության վերաբերյալ նշում է, որ 4 խուլիգաններ ծեծի են ենթարկել ՊՆ Երեւանի կայազորի Ռազմական ոստիկանության ծառայողին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 3-ին ժամը 02:00-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկա-պահակային ծառայության գնդի ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Նոր Նորքի 6-րդ զանգվածի Շոպրոնի փողոցից բերման են ենթարկել Հովհաննես Հ-ին, Շավարշ Հ-ին, Ավետիք Հ.-ին եւ Արամ Վ-ին:
Պարզվել է, որ ապրիլի 2-ին ժամը 23:30-ի սահմաններում Հովհաննես Հայկանյանը խոչընդոտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ ծառայություն կատարող ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության ծառայողի օրինական գործողություններին, վիճաբանել ռազմական ոստիկանության պարեկային ծառայության պարեկ, 27-ամյա Արմեն Մանուչարյանի հետ, որից հետո իր անձնական օգտագործման «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է վերջինիս անձնական օգտագործման «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենային, պատճառելով 3 հազար ԱՄՆ դոլար նյութական վնաս: Դրանից հետո Հայկանյանը կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, Շավարշ Հակոբյանի, Ավետիք Հայկանյանի եւ Արամ Վարդանյանի հետ միասին ծեծի է ենթարկել ՊՆ Երեւանի կայազորի ՌՈ ծառայողին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրօրի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մի խումբ մարդկանց կողմից կատարված խուլիգանություն:
Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ոստիկանները Նոր Նորքի 6-րդ զանգվածի Շապրոնի 12/1 հասցեի մթերային խանութի մոտ նկատել են, որ մի խումբ քաղաքացիական անձանց եւ ռազմական ոստիկանության աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է տեղի ունենում: Ծեծկռտուքի վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել 27-ամյա Հովհաննես Հայկանյանը, 43-ամյա Շավարշ Հակոբյանը, 35-ամյա Ավետիք Հայկանյանը եւ 37-ամյա Արամ Վարդանյանը:
Դեռեւս չճշտված տեղեկություններով, նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Հայկանյանի եւ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի մոտ ծառայություն կատարող ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության աշխատակիցների միջեւ:
Դեպքի վայրում գտնվող ՌՈ աշխատակիցները պատմել էին, որ վիճաբանության ժամանակ Հ. Հայկանյանը անձնական օգտագործման ՎԱԶ-2121 մակնիշի 01 ՍՍ 6514 համարանիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ՌՈ պարետային ծառայության պարեկ 1984-ին ծնված Արմեն Մանուչարյանի սեփականությունը հանդիսացող Օպել-Աստրա մակնիշի 23 ՍՍ 004 համարանիշի ավտոմեքենային:
Իսկ կռվին ականատեսներից մի քանիսն էլ պատմում էին, որ իրենք տեսել են, թե ինչպես են ՌՈ աշխատակիցները ծեծի ենթարկում ինստիտուտից «սամավոլկա» դուրս եկած մի քանի ուսանողների: Եւ երբ քաղաքացիները նկատողություն են արել ՌՈ աշխատակիցներին, վերջիններս հրահրել են վեճն ու հարձակվել իրենց կարգի հրավիրողների վրա: «Լավ ա, միլիցեքը շուտ հասան, թե չէ էդ ռազմականի տղերքը սաղին սամասուդ էին անելու»,- ասում էին նրանք:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























