«Սարդարապատ» շարժումը ոչ արտահերթ, ոչ հերթական ընտրությունների չի մասնակցի։ Ապրիլի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց շարժման անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։
«Ընտրությունները մատնոցախաղ են, իսկ մատնոցախաղին մասնակցելն անիմաստ է։ Մեր երկրի եւ երեխաների ապագան մատնոցապխաղով որոշելը առնվազն հանցագործություն է։ Այն քաղաքական ուժերը, որոնք դա չեն հասկանում կամ հասկանալով հանդերձ ժողովրդին ներքաշում են ծուղակի մեջ, մեղք են գործում»,- ասաց կինոռեժիսորը։
Նրա խոսքով, հայ ժողովուրդը ոչ թե ընտրությունների ճանապարհով պետք է հասնի իշխանափոխության, այլ ճիշտ հակառակը՝ իշխանախոխության միջոցով հասնի ազատ եւ արդար ընտրությունների։ «Այս բանաձեւը հատուկ եմ շեշտում, քանի որ լրատվամիջոցներից մեկն ինձնից վերցրած հարցազրույցում դիտավորյալ կամ չհասկանալով խեղաթյուրել էր իմ այս միտքը»,- նկատեց Խզմալյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում ընտրությունները միջոց են, այլ ոչ՝ նպատակ։
«Սարդարատ» շարժման ներկայացուցիչը նշեց նաեւ, որ բռնապետությունները (իսկ մենք, նրա խոսքով, ապրում ենք բռնապետության օրոք) իշխանության գալիս են ոչ ընտրությունների միջոցով եւ ընտրությունների միջոցով չէ, որ վտարվում են իշխանությունից։
«Ընտրություններին մասնակցելու կոչ անող քաղաքական ուժերը կա’մ միամիտ են կա’մ մեղսակից այն հանցանքին, որը կկատարվի, եթե հայ ժողովրդին այս պայմաններում շարունակվի կոչ արվել՝ մասնակցել կամ արտահերթ կամ 2012-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Վաղուց հայտնի է, որ Հայաստանում գործում է ստալինյան՝ կարեւոր չէ ինչպես են քվեարկելու, կարեւոր է՝ ինչպես են հաշվելու բանաձեւը»,- եզրափակեց կինոռեժիսորը։





























