2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է 1 տրլն 602 մլրդ հարկային եկամուտներ: Ես կարծում եմ, որ սա օպտիմալ թիվ է, որը շատ մեծ ջանքերի գնով, այդ թվում հարկ վճարողների նկատմամբ մշակույթի ձեւավորման արդյունքում, կունենանք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով նրան, որ ծախսերի կատարման առումով խնդիրներ կան, այսինքն ավելի շատ հարկեր են հավաքվել, քան ծախսեր արվել, Դավիթ Անանյանը նշեց, որ արդյունավետ ծախսերի համար էլ պետք է ինքնազարգացման փուլ անցնենք:
Նա խոստովանեց, որ տնտեսությունից գումար վերցնելը եւ հետ չվերադարձնելը կարող է հարվածել տնտեսության զարգացմանը. «Դա բոլորս էլ գիտակցում ենք, հետեւաբար պետք է շատ ծախս կատարենք, եւ արդեն կան հանձնարարականներ: Մենք չենք ասում՝ ամեն ինչ լավ է, մենք ասում ենք, որ ծախսեր չենք կարողանում կատարել, որովհետեւ շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ կան: Բայց դա չի նշանակում, որ լավ ենք անում, պետք է արդյունավետ ծախս կատարելու մշակույթ ձեւավորենք եւ որքան շատ ծախս կատարենք, այնքան լավ»,-ընդգծեց ՊԵԿ նախագահը:



























