Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում օդանավակայան բացելու ծրագիրը եւ այդ նախաձեռնության  նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ  դիրքորոշումը: Նա անընդունելի է համարում քաղաքացիական օդանավերին հարվածելը, որոնք պետք է թռիչքներ իրականացնեն դեպի Լեռնային Ղարաբաղ: «Չնայած կողմերից յուրաքանչյուրն իրեն ճիշտ է համարում, ամեն դեպքում օդանավերին հարվածեն անընդունելի է»,- ասել է նա լրագրողներին «Իռելի» երիտասաարդական հասարակական կազմակերպության գրասենյակում, հաղորդում է 1news.az-ը:

Դիվանագետն իր գոհունակությունն է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը  այլ վերաբերմունք է ցույց տվել եւ փորձում է  իր իրավունքները պաշտպանել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություններում: «Մենք կողմնակից ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն բանակցությունների միջոցով»,- ասել է Բրայզան:

«Այս պահի դրությամբ Բաքու-Նախիջեւան թռիչքը իրականացվում է Հայաստանի օդային տարածքով եւ դա ընդունելի  է համարվում»,- նշել է Բրայզան:

Նախատեսվում է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կգործի մայիսի 9-ից` Շուշիի ազատագրման եւ Հաղթանակի օրվանից: Բաքուն հայտարարել է, որ կհարվածի ուղեւորատար օդանավերին, ինչը հակասում է բոլոր միջազգային կոնվենցիաներին, որոնց միացել է նաեւ Ադրբեջանը: Մարտի 21-ին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը տեղեկացրել էր, որ  ICAO (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) Հայաստանի քաղավիցիային է հանձնել Ադրբեջանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի նամակը, որում նշվում է, որ Ադրբեջանը պատրաստ է հարվածել Լեռնային Ղարաբաղ թռչող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները նորից բացեն Ստեփանակերտի օդանավակայանը:

Մարտի 31-ի մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն հայտարարել էր, որ ինքը մտադիր է լինել Ստեփանակերտ թռչող առաջին չվերթի առաջին ուղեւորը: Նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտային միջոցից: Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանությունները պետք է միջոցառումներ ձեռնարկեն համաձայնեցնելու այս հարցը միջազգային կառույցների հետ: Հանրապետության նախագահը վստահություն էր հայտնել, որ նախաձեռնությունը կհաջողվի: