Հայաստանի Ազգային ժողովում ստեղծվում է Երիտասարդական խորհրդարան (խորհրդակցական հասարակական մարմին): Այս մասին կարգադրությունը ԱԺ նախագահ հովիկ Աբրահամյանը ստորագրել է մարտի 28-ին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երիտասարդական խորհրդարանում ընդգրկվելու համար կարող են դիմել ՀՀ 18-30 տարեկան քաղաքացիները:

Երիտասարդական խորհրդարանի անդամներ կարող են լինել

անհատ քաղաքացիներ ՀՀ մարզերից, /ինքնաառաջադրման կարգով/,

ՀՀ Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների,

ՀՀ Ազգային ժողովում չներկայացված կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների /ինքնաառաջադրման կարգով/, պետական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Երիտասարդական խորհրդարանի ընդհանուր համակազմի առնվազն 3%-ը կարող են լինել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ:

Յուրաքանչյուր անձ իր թեկնածությունը Երիտասարդական խորհրդարանում առաջադրելու համար ներկայացնում է հետեւյալ փաստաթղթերը.

դիմում /կցվում է/ կամ էլեկտրոնային դիմում` https://spreadsheets.google.com/a/youngleaders.am/viewform?hl=en&ndplr=1&formkey=dEthT0NoQTFDS2FNbXBOdksyUlBZcVE6MQ#gid=0

ինքնակենսագրություն

լուսանկար /3*4/

անձնագրի եւ կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը

տեղեկանք այն կազմակերպությունից, որը ներկայացնում է

միջնորդագիր /ըստ ցանկության/

Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները եւ պետական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները վերոնշյալ փաստաթղթերը ներկայացնում են համապատասխան կազմակերպությունների կողմից իրենց թեկնածությունները ներկայացնելուց հետո:

Օտար լեզուների իմացությունը ցանկալի է /արտաքին հարաբերությունների, եվրոպական ինտեգրման հարցերի եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովներ դիմողների համար` պարտադիր/: