ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօրվանից` ապրիլի 5-ից սկսում է իր նախընտրական քարոզարշավը, սակայն դեռեւս պարզ չէ, թե երբ կհանդիպի Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱՄՆ Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:
«Թեպետ հայ համայնքի հետ Օբամայի հանդիպման կոնկրետ օր դեռեւս նշված չէ, սակայն մենք պատրաստ ենք ամեն պահի հանդիպել նրան եւ քննարկել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեզ հուզող հարցերը»,- նշեց Չուլջյանը` միաժամանակ հատկանշական համարելով, որ այդ հանդիպումների ընթացքում հայ համայնքի համակրանքը շահելու համար ԱՄՆ նախագահը շատ ջանքեր պետք է գործադրի: «Նա ամերիկահայերին սիրաշահելու եւ ընտրությունների ժամանակ նրանց քվեներն ստանալու համար բավական մեծ աշխատանքներ պիտի տանի: Գիտեք, որ Օբաման նախորդ ընտրությունների ժամանակ չհարգեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ամերիկահայերին տված իր խոստումները, ընդհակառակը, դեմ կանգնեց Ցեղասպանության մասին Կոնգրեսի բանաձեւին, այնպես որ թուրքական կառավարությունն առ այսօր կարողանում է խուսափել պատմական իրողությունից: Ավելին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում է ղարաբաղյան հարցի լուծման հետ: Նոր ընտրապայքարի ընթացքում նախագահը պետք է հստակ փոփոխություներ մտցնի իր այս կեցվածքի մեջ: Ամեն դեպքում, գնդակը նրա ձեռքում է: Պարզապես պետք է ակնկալել, որ Օբաման իր խոստումները կհարգի եւ այդ կերպ արժանի կդառնա հայ համայնքի քվեներին»,- ասաց Չուլջյանը:
Հարցին, թե ի՞նչ երաշխիքներ կան, որ Օբաման այս անգամ կպահի հայ համայնքին Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ տված խոստումները, ԱՄՆ Հայ դատի գրասենյակի խոսնակն ասաց. «Երաշխիքները ոչ այլ ինչ են, եթե ոչ ամերիկահայ համայնքի քվեները»:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Բարաք Օբամայի հետ հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում կբարձրացվեն հայ-թուրքական արձանագրությունների, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցությանն առնչվող հարցեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է, որ սկսում է 2012թ. ընտրարշավը: Առաջիկայում Օբաման Դաշնային ընտրական հանձնաժողովին պետք է ներկայացնի անհրաժեշտ փաստաթղթեր ընտրարշավը սկսելու համար։ Դա թույլ կտա իր օգտին միջոցներ հավաքել։
Բարաք Օբաման ԱՄՆ 44-րդ նախագահ է ընտրվել է 2008-ին ընտրողների ձայների 52.9 տոկոսով:



























