Քրիս անունով ոչխարի սատկելու մասին տեղեկացրել են Little Oak Sanctuary կազմակերպության աշխատակիցները, որոնք խնամում էին կենդանուն։ Նա 10 տարեկան էր, տեղեկացնում է Nat- geo-ն։

«Մենք հոգեցունց նորություն ունենք։ Քրիս ոչխարիկը սատկել է։ Մենք վշտի մեջ ենք այդ քնքուշ, իմաստուն եւ բարյացակամ արարածին կորցնելու պատճառով»,- ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան գրառման մեջ։

Քրիսը նրբագեղմ մարինոս տեսակի ոչխար էր։ Նրան գտել էին 2015-ին Կանբերայից ոչ հեռու։ Մասնագետների խոսքով՝ Քրիսը վայրի բնության մեջ ապրել է հինգ տարի, եւ նրան գտնելու պահին ասես ոտքերի վրա ամպ լիներ։

Կենդանու վրա մոտ 40 կիլոգրամ բուրդ կար, ինչը համաշխարհային ռեկորդ է՝ գրանցված Գինեսի գրքում։ Ոչխարի կյանքը վտանգի մեջ էր, նա հազիվ էր կանգնում ոտքերի վրա եւ, հավանաբար, կսատկեր մի քանի շաբաթում՝ շարժվել չկարողանալու կամ ջերմային հարվածի պատճառով։

Քրիսի խուզը տեւել է 45 րոպե։ Նրա բուրդն ավելի ուշ նվիրաբերվել է Ավստրալիայի Ազգային թանգարանին, որն այն ցուցադրության է դրել։

«Ժամանակակից ընտանի ոչխարներն այնպես են բուծվում, որ իրենց բուրդը չկորցնեն, ինչպես դա անում են վայրի ոչխարները։ Եթե բուրդը չեն խուզում, այն շարունակում է աճել»,- ասում են թանգարանում։