Չինաստանի Սիչուան նահանգի մայրաքաղաք Չենդու քաղաքում բացվել է վերջին շրջանում ամենահայտնի սրճարաններից մեկը՝ «կենդանիների սրճարանը», որտեղ այցելուները կարող են ժամանակ անցկացնել իրենց կատուների, շների կամ ջրարջերի հետ: Քաղաքը հայտնի է որպես «մեծ պանդայի տուն»՝շնորհիվ այդ կենդանիներով մեծ արգելոցի, հաղորդում է Nat-geo-ն: 

Cute Pet Games անվանումով սրճարանը գրավել է սոցցանցի օգտատերերի ուշադրությունը սրճարանատիրոջ անսովոր պահվածքի պատճառով: Վերջինս չաու-չաու ցեղատեսակի 6 շների ներկել է սեւ եւ սպիտակ գույներով:

Հաստատության այցելուները պնդում են, որ սրճարանը շներին ներկելու ծառայություն է առաջարկում 1500 յուանով՝ 212 դոլար, սակայն սրճարանատերը դա հերքում է:

Նա կտրուկ քննադատության է արժանացել սոցցանցի օգտատերերի, ինչպես նաեւ РЕТА կենդանիների իրավունքների պաշտպանության կազմակերպություն կողմից: Կազմակերպության ներկայացուցիչն ասել է, որ ներկը կարող է վնասակար լինել կենդանիների մաշկի համար:

«Մազերը ներկելը կարող է մոդայիկ լինել, սակայն միայն մարդկանց համար: Կենդանիները չպետք է նկարչության կտավ դառնան»,- ասել է նա:

Սրճարանատերը պնդում է, որ իր բոլոր շներն աչքի են ընկնում բացառիկ առողջությամբ եւ ներկվելուց բոլորովին չեն տուժել։ Կենդանիների համար էթիկական եւ անվնաս ներկանյութեր իսկապես գոյություն ունեն, բայց թե հատկապես ինչ է օգտագործել շների տերը՝ անհայտ է մնում։

«Մեր ներկանյութը բերվել է Ճապոնիայից, եւ այն շատ թանկ արժե։ Մեկ սրվակն արժե 800 յուան (113 դոլար)»,- ասում է հաստատության տերը։

Նրա խոսքով՝ նա գնել էր չաու-չաու շնիկներ եւ շներից պանդաներ «ստացել», որովհետեւ Չենդուն հայտնի է որպես բամբուկի արջերի հայրենի քաղաք, եւ նա ցանկացել է ցուցադրել հատուկ կապն այդ կենդանիների հետ։ Փամփլիկ չաու-չաուները շատ հարմար էին այդ դերին, իրենց որոշ արարքներով նրանք իսկապես պանդաներ են հիշեցնում։

«Կարծում եմ, որ քննադատները խիստ մակերեսորեն են մոտեցել եւ չեն հասկանում բոլոր ավանդույթները։ Եթե մարդիկ կարող են գեղեցկության ձգտել, ինչո՞ւ դա չի կարելի ընտանի կենդանիներին»,- ավելացրել է նա։