Հոնկոնգը համաշխարհային ֆինանսական մայրաքաղաք է, համադամասերների ապաստան, ինչպես նաեւ վայր, որտեղ ավտոմեքենա կայանելն ավելի թանկ արժի, քան տուն գնելը։
Բիզնեսմեն Ջոնի Չունգը 12,5 ք/մ տարածքով կայանման տեղը 969 000 դոլարով է վաճառել, հայտնում է CNN-ը։ Այդ տեղը գտնվում է Հոնկոնգի բանուկ շրջանում, 79 հարկանի պողպատյա գրասենյակային աշտարակի դիմաց։ Չունգը այդ աշտարակի մոտ գտնվող 400 հասանելի տարածքներից 4-ի սեփականատերն է եղել, մնացած երեքը նույնպես նա վեցանիշ թվով է վաճառել։
Կայանման տեղի համար նախորդ ռեկորդը եղել է 760 000 դոլար, այն գտնվում էր շքեղ բազմաբնակարան շենքի դիմաց։
Ըստ Mercer-ի կյանքի արժեքի տարեկան ինդեքսի, 2018-2019թթ․ Հոնկոնգը եղել է բնակիչների համար աշխարհի ամենաթանկ քաղաքը։
CBRE գործակալությունը հայտնել է, որ Հոնկոնգում տան միջին արժեքը 1,235 միլիոն դոլար է, ինչի շնորհիվ քաղաքը աշխարհում անշարժ գույքի ամենաթանկ շուկան ունեցողների ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում՝ առաջ անցնելով Սինգապուրից, Լոնդոնից եւ Նյու Յորքից։





























