Լոնդոնում կբացվի Հեշտոցի թանգարան։ Ինչպես տեղեկացնում է AP-ը, թանգարանին կտրվի ալկոհոլի արտոնագիր, չնայած բնակիչների երկյուղներին, որ այն կարող է դառնալ աղմկալի երեկույթների վայր։
Հեշտոցի թանգարանը կբացվի նոյեմբերի 16-ին Լոնդոնի Camden Market-ում, «գինեկոլոգիական անատոմիայի եւ առողջության մասին գիտելիքների տարածման նպատակով»։
Սա «աշխարհում առաջին թանգարանն է՝ նվիրված հեշտոցին»,- ասվում է նրա վեբ-կայքում։
Թեեւ թանգարանը լայն աջակցություն է ստացել, նրա՝ ալկոհոլի արտոնագիր ստանալու հայտարարությունը անհանգստացրել է տեղի բնակիչներին, որոնք զգուշանում են այնտեղ բուռն երեկույթների անցկացումից։
Չնայած երկյուղներին՝ արտոնագրման հանձնաժողովը թանգարանին տվել է ալկոհոլի արտոնագիր։
Թանգարանի տնօրեն Ֆլորենս Շեհթերը հայտարարությունում ասել էր, որ այդ որոշումը «պատիվ էր իր համար»։
Սկզբում թանգարանը թույլտվություն է խնդրել ալկոհոլ վաճառել ժամը 10.00-ից մինչեւ 23.30-ը, երկուշաբթիից հինգշաբթի եւ կիրակի, ինչպես նաեւ ժամը 10.00-ից մինչեւ կեսգիշեր, ուրբաթ եւ շաբաթ օրերին։
Բայց հետո լրացում է մտցվել երկուշաբթիից կիրակի ալկոհոլ վաճառել ժամը 18.00-ից մինչեւ 22.30-ը, տեղեկացրել է Camden-ի խորհրդի ներկայացուցիչը։
Թանգարան միաժամանակ կարող է մտնել 100 մարդուց ոչ ավելի։
Այն կբացվի «Առասպելներ հեշտոցի մասին եւ ինչպես պայքարել դրանց դեմ» ցուցադրությամբ։





























