Դատարանը Պակիստանի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին առողջական վիճակով պայմանավորված գրավով ազատ է արձակել, որ նա կարողանա դիմել բժշկական օգնության, փոխանցում է AP-ն:

Շարիֆի եղբոր՝ Շահբազ Շարիֆի միջնորդությունից հետո որոշումը կայացրել է Լահորի գերագույն դատարանը:

Երկուշաբթի Նավազ Շարիֆը Լահորի պետական հիվանդանոց է տեղափոխվել այն բանից հետո, երբ նրա առողջական վիճակը վատթարացել է: Նա այնտեղ է մնացել բանտային իշխանությունների հսկողության տակ:

Երեք անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրած 69-ամյա Շարիֆը առողջական խնդիրներ ունի, ներառյալ սրտի հիվանդություններ:

Սակայն փաստաբան Աշտար Աուսաֆն ասում է, որ դատական իշխանությունները չեն կարող Շարիֆին անմիջապես ազատել, մինչեւ հաջորդ շաբաթ չքննեն մյուս վերաքննիչ բողոքը: