Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լոկոմոտիվային բրիգադները վերսկսել են աշխատանքը եւ գնացքների երթեւեկությունը վերականգնվեց: Որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 24-ին կայացած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ՀԿԵ Տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Միշարինի եւ ՀԿԵ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի մեքենավարների հետ հանդիպումից հետո:
Հանդիպման ընթացքում մասնավորապես, նշվել էր, որ 2019 թվականի 9-ամսյա աշխատանքի արդյունքում փոխադրվել է 2 321,6 հազար տոննա բեռ, ինչը 7,7% գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, իսկ ուղեւորաշրջանառությունն ավելացել է 15,9%: Ցուցանիշների աճը թույլ է տալիս ապահովել աշխատավարձերի, պարգեւատրումների վճարումը ժամանակին: Ընդ որում, մեքենավարների աշխատավարձը 2019 թվականին ավելացել է 16,6%՝ մինչեւ 354 հազար դրամ, իսկ օգնականների՝ 13,3%՝ մինչեւ 249 հազար դրամ:
Լոկոմոտիվների մեքենավարների աշխատավարձերի եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձերի միջին չափի հարաբերակցությունը կազմել է 198,6%՝ այսինքն՝ կրկնակի ավել:
Գործունեության դրական արդյունքները թույլ են տվել ձեւավորել ֆինանսական պաշարներ եւ միջին ամսական աշխատավարձի չափով պարգեւների վճարում նախատեսել տարվա արդյունքներով: Հաշվի առնելով այդ հանգամանքը, լոկոմոտիվային բրիգադների միջին ամսական աշխատավարձը 2019 թվականի արդյունքներով աճելու է 19%:
Չնայած աշխատավարձերի գծով արձանագրվող դրական փոփոխություններին՝ ՀԿԵ լոկոմոտիվային բրիգադները հոկտեմբերի 22-ից 25-ը լիովին դադարեցրել են գնացքների երթեւեկությունը: Նման գործողություններով նրանք խախտել են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը եւ ընկերության ղեկավարությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն:
Գնացքների երթեւեկության դադարեցման պատճառով դադարեցվել են նավթամթերքների, ցորենի, պարենային եւ այլ ապրանքների փոխադրումները: Ստեղծված իրավիճակի մասին տեղեկացվել են ՀՀ փոխվարչապետը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը եւ Գլխավոր դախախազությունը:
Պետական մարմինների հետ համագործակցության եւ համակարգված աշխատանքի շնորհիվ գնացքների երթեւեկությունը վերականգնվել էր հոկտեմբերի 25-ին՝ ժամը 00:40: Պարապուրդի պատճառով Հարավկովկասյան երկաթուղին չի ստացել ավելի քան 140 մլն դրամի եկամուտ, ինչը նախադրյալներ է ստեղծում տարեկան ցուցանիշների թերկատարման եւ հարցականի տակ է դնում ամբողջ աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունը:
Հանդիպման արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ: Մասնավորապես, որոշվել է մշակել 2019 թվականի նոյեմբերի 1-ից ընկերության բոլոր աշխատակիցների աշխատավարձերը 10%-ով ինդեքսավորելու մասին նորմատիվ ակտը, ինչպես նաեւ Տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնել 2020 թվականի հունվարի 1-ից լոկոմոտիվային բրիգադների ժամավճարների 5%-ով բարձրացնելու հարցը:
Հաշվի առնելով ընկերության աշխատանքի դրական արդյունքները՝ պարգեւատրման մասին կարգի համաձայն նախատեսել միանվագ պարգեւների վճարումը բոլոր աշխատողներին տարվա արդյունքներով: Նաեւ որոշվել է մշակել տարվա արդյունքներով ընկերության աշխատողների պարգեւատրման կարգը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով:





























