Հայաստանի քաղաքացիները բողոքներով դիմում են արտաքին գործերի նախարարություն՝ ասելով, որ ԵՄ անդամ երկրների որոշ դեսպանություններ, որոնք գործում են Հայաստանի տարածքում, իրենց վիզաներ չեն տալիս Եվրոպա մեկնելու համար։ Այս մասին, Վիզային ռեժիմի ազատականացման միջազգային կոնֆերանսի նիստում՝ ԵՄ դեսպանի մասնակցությամբ, Երեւանում հոկտեմբերի 25-ին ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։
Այս առնչությամբ նա հարց տվեց, թե որքանով է դա համապատասխանում մինչ այդ երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագրին։ «Մենք անմիջապես կապվում ենք դեսպանությունների կամ հյուպատոսությունների հետ եւ լուծում բոլոր խնդիրները, բայց եւ այնպես, մենք կցանկանայինք ապագայում խուսափել իրավիճակի նման զարգացումից»,- նշել է փոխնախարարը։
Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ոչ միանշանակ իրավիճակ է ստեղծվել նաեւ Եվրոպայում, քանի որ որոշ երկրներ իրականացնում են քաղաքականություն, որն այնքան էլ չի համընկնում ավելի վաղ ստորագրված համաձայնագրերին։ Այդ մտահոգությունները, Ադոնցի կարծիքով, կապված են միգրացիոն հոսքի խնդրի հետ, որը հարվածել է Եվրոպային վերջին տարիներին եւ, որոշ չափով, միանգամայն արդարացի են։ Ինչպես կարծում է փոխնախարարը, հիմնականում դա է պատճառը, որ ԵՄ շատ անդամ երկրներ ձգձգում են Հայաստանի հետ Համապարփակ համաձայնագրի վավերացումը։ «Այս ամենը քիչ կապ ունի ԵՄ ցանկացած անդամ երկրի հետ մեր երկկողմ հարաբերությունների հարցում»,- ընդգծել է Ադոնցը։





























