Հոկտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:
Նախարարը ողջունել է դեսպանին եւ ներկայացրել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցությունը։
Դեսպանն իր խոսքում նշել է․ «Թեեւ հայ եւ հնդիկ ժողովուրդները դարավոր բարեկամության պատմություն ունեն, մշակութային ընդհանրություններ, իսկ մի շարք բնագավառներում՝ զարգացման մեծ ներուժ, այսօր համագործակցության հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են»։ Նա ներկայացրել է Հայաստան-Հնդկաստան արտաքին տնտեսական որոշ ցուցանիշներ եւ կարեւորել Հայաստանում Հնդկաստանից ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքների ինտենսիվացումը։
Անդրադառնալով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներին՝ ինչպիսիք են ադամանդագործությունը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, Տիգրան Խաչատրյանը նշել է․ «Մենք պետք է փորձենք նպաստել երկու երկրներում կազմակերպությունների միջեւ տնտեսական հարաբերությունների խորացմանը եւ նոր կապերի ստեղծմանը։ Ես վստահ եմ, որ մի շարք ուղղություններով, օրինակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, Հնդկաստանն իր հաջողություններով կիսվելու մեծ ներուժ ունի»։
Համագործակցության եւ փոխանակման ծրագրերի համատեքստում կարեւորելով գործարար համաժողովներին, առեւտրային տոնավաճառներին ներգրավվածության ապահովումը՝ դեսպանը խոսել է առաջիկայում կազմակերպվող Հնդկաստան-Հայաստան գործարար համաժողովի մասին։ Կիշան Դան Դեվալն, անդրադառնալով վերջին տարիներին Հնդկաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թվի աճի միտումներին՝ նշել է, որ կա ցանկություն մեծացնելու նաեւ հայերի հետաքրքրությունը Հնդկաստանի նկարմամբ։ Նրա խոսքով՝ կա նաեւ մեծ հնարավորություն Հայաստանի տարածքում կազմակերպելու հնդկական ֆիլմերի նկարահանումներ։
Նախարարը դեսպանին մաղթել է հաջողություններ եւ հույս հայտնել, որ նա իր հետագա գործունեության ընթացքում նույնպես կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը:





























