Արկանզասի երիտասարդ բնակչուհու հայրը մահացել է չորս տարի առաջ, սակայն գրեթե ամեն օր նա շարունակել է ուղարկել հաղորդագրություններ հոր հեռախոսահամարին: Չորս տարվա ընթացքում նրա նամակները մնացել են անպատասխան, սակայն այս շաբաթ կինը կարճ հաղորդագրություն է ստացել հոր հեռախոսահամարից, հաղորդում է Fox News-ը:

Իր հաղորդագրություններում կինը պատմել է այն ամենի մասին, ինչը տեղի է ունեցել նրա հետ այդ չորս տարիների ընթացքում: Նա պատմել է, թե ինչպես է հաղթահարել քաղցկեղը, ինչպես է ավելի ուշադիր եղել սեփական առողջության նկատմամբ, ինչպես է գերազանցությամբ ավարտել քոլեջը, սիրահարվել եւ ինչպես են կոտրել նրա սիրտը:

«Դու նրան կսպանեիր»,-գրել է Չեսթիթին հոր հեռախոսահամարին:

23-ամյա Չեսթիթի Փաթերսոնը վերջին նամակը գրել էր հինգշաբթի՝ հոր մահվան տարելիցի նախօրեին:

«Բարեւ, հայրիկ: Այդ ես եմ: Վաղը կրկին բարդ օր է սպասվում»,-գրել է կինը՝ կրկին պատասխան ակնկալելով:

Եւ ահա նրան պատասխանել են:

«Իմ անունը Բրեդ է, իմ դուստրը մահացել է ավտովթարի հետեւանքով 2014 թվականին, եւ քո հաղորդագրությունները ստիպել են ինձ ապրել: Երբ դու գրում ես ինձ, իմացիր, որ դա նամակ է Աստծուց»,-գրել է հեռախոսահամարի նոր սեփականատերը:

Փաթերսոնը հուզիչ նամակագրությունը հրապարակել էր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր ես նշան եմ ստացել, որ ամեն ինչ լավ է, եւ ես կարող եմ թողնել նրան հանգչել խաղաղությամբ»,-գրել է երիտասարդ կինը: